Համագործակցային նախագիծ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցները ներկայացնում են միասնական ընթերցում-ներկայացում՝ «Սասունցի Դավիթը» (Հ․ Թումանյանի մշակում)։

Մասնակիցներ՝ Հյուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան դպրոցների 5-րդ դասարանցիներ

Ընթերցում-ներկայացման օրը՝ դեկտեմբերի 1

Համակարգող դասավանդողներ՝ Քրիստինե Շահբազյան, Գոհար Բալջյան, Արմինե Աբրահամյան, Նառա Նիկողոսյան, Սոֆյա Մամյան, Անահիտ Հովսեփյան

Նախապատրաստական աշխատանքներ

Հայոց ազգային էպոսը, ծանոթացում <Սասնա ծռեր> էպոսի բովանդակությանը

<Սասնա ծռեր> էպոսի համառոտ պատմությունը։

Տեսապատումների շարքը

<Սանասար և Բաղդասար>համառոտ տեսապատում

<Մեծ Մհեր>

<Սասունցի Դավիթ>- ռադիոընթերցումը

<Սասմա Մհեր>— Ավետիք Իսահակյան․ ռադիոընթերցում, վիպերգ

<Սասնա ծռեր> էպոսի ավանդական երգերը

<Սասունցի Դավիթ> Հ․ Թումանյանի մշակումը

Ընթերցում-ներկայացման բովանդակությունը՝

Միասնական

Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։ ( դադար, ապա թմբուկի հարվածներ)
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։

Մհերն է իշխում, Մհերն է իշխում, Մհերն է իշխում․ Մհերն է իշխում (ցածր ձայնով սկսում ենք, բարձր ձայնով՝ կտրուկ ավարտում)։

Էսպես, ահավոր առյուծի նըման,
Սասմա սարերում նստած էր իշխան
Քառասուն տարի։
Քառասուն տարում
«Ա՜խ» չէր քաշել նա դեռ իրեն օրում.
Բայց հիմի, երբ որ եկավ ծերացավ,
Էն անահ սիրտը ներս սողաց մի ցավ։ ( դադար, ապա թմբուկի հարվածներ)

.Սկըսավ մըտածել դյուցազուն ծերը.
— Հասել էն կյանքիս աշնան օրերը,
Շուտով սև հողին կերթամ ես գերի,
Կանցնի ծըխի պես փառքը Մըհերի,
Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ,
Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա
Ոտի կըկանգնեն հազար քաջ ու դև…
Մի ժառանգ չունեմ՝ իմ անցման ետև
Իմ թուրը կապի, Սասուն պահպանի…
Ու միտք էր անում հըսկան ծերունի։

Մինչև Նոյեմբերի 2-ը

Էստեղ ինչ-որ երգ հնչի

***

Շարունակենք միասին կարդալ

Մի օր էլ՝ էն գորշ հոնքերը կիտած
Երբ միտք էր անում, երկընքից հանկարծ
Մի հուր-հըրեղեն հայտնվեց քաջին,
Ոտները ամպոտ կանգնեց առաջին։

Ընթերցում է Հարավային դպրոցը.

— Ողջո՜ւյն մեծազոր Սասմա հըսկային.
Քու ձենը հասավ աստծու գահին,
Ու շուտով նա քեզ մի զավակ կըտա։
Բայց լավ իմանաս, լեռների արքա,
Որ օրը որ քեզ ժառանգ է տըվել,
Էն օր կըմեռնեք քու կինն էլ, դու էլ։ բոլորով արձագանքնեն՝ քու կինն էլ, դու էլ։

Ընթերցում է Հարավային դպրոցը.
— Իր կամքը լինի, ասավ Մհերը.
Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը,
Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք,
Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք։

Ընթերցում է Արևմտյան դպրոցը
Հըրեշտակն էստեղ ցոլացավ նորից,
Ու էս երջանիկ ավետման օրից
Երբ ինը ամիս, ինը ժամն անցավ,
Առյուծ-Մըհերը զավակ ունեցավ։
Դավիթ անվանեց իրեն կորյունին,

Բոլորը միասին․ Դավի՜թ, Դավիթ , Դավիթ Դավիթ ․․․

Կանչեց իր ախպեր Ձենով Օհանին,
Երկիրն ու որդին ավանդեց նըրան,
Ու կինն էլ, ինքն էլ էն օրը մեռան։

Հնչում է «Հազար ողորմի․․․» շարքից` (Մուլտֆիլմում՝ սկսած 1:05 րոպեից․․․)

***

Ընթերցում են միասին

Էս դարում Մըսըր անհաղթ ու հզոր
Մըսրա-Մելիքն էր նըստած թագավոր։
Հենց որ իմացավ՝ էլ Մըհեր չըկա,
Վեր կացավ կըռվով Սասունի վըրա։
Ձենով Օհանը ահից սարսափած՝
Թըշնամու առաջն ելավ գըլխաբաց,
Աղաչանք արավ, ընկավ ոտները.

Մինչև Նոյեմբերի 6-ը

Advertisements
REPORT THIS AD

 

Ընթերցում է Արևելյան դպրոցը
— Դու եղիր, ասավ, մեր գլխի տերը,
Ու քու շըվաքում քանի որ մենք կանք,
Քու ծառան լինենք, քու խարջը միշտ տանք,
Միայն մեր երկիր քարուքանդ չանես
Ու քաղցըր աչքով մեզ մըտիկ անես։

Ընթերցում է Հյուսիսային դպրոցը

— Չէ՛, ասավ Մելիք, քու ամբողջ ազգով
Անց պիտի կենաս իմ թըրի տակով,
Որ էգուց-էլօր, ինչ էլ որ անեմ,
Ոչ մի սասունցի թուր չառնի իմ դեմ․․․ ( դադար, ապա թմբուկի հարվածներ)

Միասին ենք ընթերցում

Ու գընաց Օհան՝ բոլոր-բովանդակ
Սասունը բերավ, քաշեց թըրի տակ
Մենակ Դավիթը, ինչ արին-չարին,
Մոտ չեկավ դուշման Մելիքի թըրին։

Ընթերցում է Հարավային դպրոցը

Եկան քաշեցին՝ թե զոռով տանեն,
Թափ տըվավ, մարդկանց գըցեց դես ու դեն,
Փոքրիկ ճըկույթը մի քարի առավ,
Ապառաժ քարից կըրակ դուրս թըռավ։ ( դադար, ապա թմբուկի հարվածներ)
Ընթերցում է Հարավային դպրոցը

— Պետք է սպանեմ էս փոքրիկ ծուռին,
Ասավ թագավորն իրեն մեծերին։
Ընթերցում է Արևելյան դպրոցը․

Թագավո՛ր, ասին, դու էսքան հըզոր,
Թըրիդ տակին է ողջ Սասունն էսօր.
Ի՞նչ պետք է անի քեզ մի երեխա,
Թեկուզ իր տեղով հենց կըրակ դառնա։

Ընթերցում է Հարավային դպրոցը

— Դո՛ւք գիտեք, ասավ Մըսրա թագավոր,
Բայց թե իմ գըլխին փորձանք գա մի օր,
Էս օրը վըկա,
Սըրանից կըգա։

Արևմտյան դպրոց

Էս որ պատահեց, մեր Դավիթ հըսկան
Մի մանուկ էր դեռ յոթ֊ութ տարեկան․
Մանուկ եմ ասում, բայց էնքան ուժեղ,
Որ նըրա համար թե մարդ,— թե մըժեղ։
Բայց վա՜յ խեղճ որբին աշխարքի վըրա,
Թեկուզ Առյուծի կորյուն լինի նա։

Ձենով Օհանին ուներ մի չար կին։
Մին-երկու լըռեց, մի օր էլ կարգին
Իրեն մարդու հետ սկըսավ կըռվել.

Հյուսիսային

— Ես մենակ հոգի, հազար ցավի տեր,
Ի՜նչ ես ուրիշի եթիմը բերել,
Նըստեցրել գըլխիս պարապ հացակեր․․․
Հո՜ղեմ գըլուխը․․․ ես գերի հո չե՞մ՝
Ամենքի քեֆի ետևից թըռչեմ․․․
Մի կուռ կորցըրո՛ւ, կարգի՛ր մի բանի,
Գընա, իր համար աշխատանք անի․․․

Հարավային

Գընաց Օհանը երեխի ոտի
Մի զույգ ոտնաման բերավ երկաթի,
Երկաթի մի կոռ շալակին դըրած,
Ու արավ Սասմա քաղքի գառնարած։

Միասին՝

«Է՜յ ջան, սարե՛ր,
Սասման սարե՜ր․․․»

Հարավային

Որ կանչեց, նըրա ձենից ահավոր

Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր․
Վայրի գազաններ բըներից փախան,
Քարեքար ընկան, դատարկուն եղան։
Դավիթը ընկավ նըրանց ետևից,
Որին մի սարից, որին մի ձորից—
Աղվես, նապաստակ, գել, եղնիկ բըռնեց,
Հավաքեց, բերավ, գառներին խառնեց,

Արևմտյան

Հե՛յ ուլատեր, հե՛յ գառնատեր․

Ելե՛ք, շուտով բացեք դըռներ.
Ով մինն ուներ— տասն եմ բերել,
Ով տասն ուներ— քըսանն արել…
Շուտով ելե՛ք, եկե՜ք, տարե՜ք,
Ձեր գառն ու ուլ գոմերն արեք։

Մինչև Նոյեմբերի 11-ը

Արևելյան

Լուսին իշխաններ ելան միասին,

Գընացին Ձենով Օհանին ասին.
— Տո՛ Ձենով Օհան, տո՛ մահի տարած,
Էս խենթը բերիր, արիր գառնարած,
Ոչ գառն է ջոկում, ոչ գելն ու աղվես,
Գազանով լըցրեց մեր քաղաքն էսպես,
Աստված կըսիրես՝ դի՛ր ուրիշ բանի,
Թե չէ էս խա՛լխին լեղաճաք կանի։

Հարավ՝

Համբավը տարան Մըսրա Մելիքին.
— Հապա՜ չես ասիլ՝ Դավիթը կըրկին
Հոր վանքը շինել, իշխան է դառել,
Դու օխտը տարվան խարջը չես առել։

Մելիք զայրացավ.
— Գընացե՛ք, ասավ,
Բադին, Կոզբադին,

Սյուդին, Չարխադին,
Սասմա քար ու հող տակն ու վեր արեք,
Իմ օխտը տարվան խարաջը բերեք։

Միասին՝

Հե՜յ, ո՞ւր ես, Դավի՜թ, հայոց պահապան,
Քարը պատըռվի— դո՛ւրս արի մեյդան։/թմբուկի հարվածներ, սովորողների դոփյուններ/

Արևմուտք՝

— Կորե՛ք, անզգամ դուք Մըսրա շըներ,
Բա չե՞ք իմացել դուք Սասմա ծըռեր…
Մեռա՞ծ եք կարծում դուք մեզ, թե՞ շըվաք,

Կուզեք մեր երկիր դընեք խարջի տա՜կ…
Բարկացավ Դավիթ, չափը շըպըրտեց,
Տըվավ Կողբադնի գըլուխը ջարդեց,
Չափի փըշրանքը պատն անցավ, գընաց,
Մինչև օրս Էլ դեռ գընում Է թըռած։
Ու ելան՝ թափած ոսկին թողեցին,
Հայոց աշխարքից փախան գընացին
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին։ /Էստեղ լավ կլինի մի հատ պար լինի/

Հյուսիս՝

Ձենով Օհանին զարմանքը տարավ։
Քուրքը ուսն առավ, սարը բարձրացավ.
Սարը բարձրացավ, տեսավ, ի՜նչ տեսավ։

Մըսրա թագավոր ելել է, եկել,
Եկել, մեր դաշտին բանակ է զարկել.
Թիվ կա աստղերին, թիվ չկա զորքին…

Վա՜յ մեր արևին, վա՜յ մեր աշխարքին…
Ե՜կ, ոսկին տանենք, աղջիկներ տանենք,
Չոքենք առաջին, պաղատանք անենք,
Գուցե թե գըթա,
Մեզ սըրի չըտա…

Արևելյան՝

Մըսրա թագավոր ելել է, եկել,
Եկել, մեր դաշտին բանակ է զարկել.
Թիվ կա աստղերին, թիվ չկա զորքին…

Վա՜յ մեր արևին, վա՜յ մեր աշխարքին…
Ե՜կ, ոսկին տանենք, աղջիկներ տանենք,
Չոքենք առաջին, պաղատանք անենք,
Գուցե թե գըթա,
Մեզ սըրի չըտա…

Հարավ՝

— Դու կա՛ց, հորեղբայր, դու դարդ մի՛ անիր.
Գընա՛, քու օդում դու հանգիստ քընիր.
Հիմի ես կելնեմ, Սասմա դաշտ կերթամ,
Մըսրա-Մելիքին պատասխան կըտամ։

Ընթերցում է Արևմտյան դպրոցը

Հագավ Դավիթ զենքն ու զըրահ,
Կապեց գոտին, Թուր-Կեծակին,
Խաչն էլ իր հաղթ բազկի վըրա,
Ելավ, հեծավ Առյուծ հոր ձին,
Հոր ձին հեծավ ու մըտրակեց։

Մինչև Նոյեմբերի 17-ը

***

Միասնական

— Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք,
Ով կեցել եք՝ զենք կապեցե՜ք,
Զենք եք կապել՝ ձի թամբեցե՜ք,
Ձի եք թամբել՝ ելե՜ք, հեծե՜ք,
Հետո չասեք՝ թե մենք քընած —
Դավիթ գող-գող եկավ, գընաց…

Չասե՜ք, չասե՜ք, չասե՜ք, չասե՛ք (ցածր ձայնով սկսում ենք, բարձր ձայնով՝ կտրուկ ավարտում)։

Հնչում է թմբուկների ձայնը․․․

Հյուսիս՝

— Կըռիվ անենք, ասավ Մելիք,
Իմն է միայն զարկն առաջին։
— Քոնն է, զարկի՛ր, կանչեց Դավիթ,
Գընաց, կեցավ դաշտի միջին։

Ելավ, կանգնեց Մըսրա-Մելիք,

Գընաց մինչև հողը Մըսրա,
Ու էնտեղից, գուրզը ձեռին
Քըշեց, եկավ Դավթի վըրա։

Արևելք՝

Եկավ, զարկեց բոլոր ուժով,
Ծանըր զարկով հըսկայական,
Փոշին ելավ Սասմա դաշտից,
Բըռնեց երեսն արեգական։

Երեք գիշեր ու երեք օր

Փոշին կանգնեց ամպի նըման,
Երեք գիշեր ու երեք օր
Բոթը տըվին Դավթի մահվան։

Արևմուտք՝

Մելի՛ք, ասավ, ո՞ւմն է հերթը։
Սարսափ կալավ գոռ Մելիքին,
Մահվան դողը ընկավ սիրտը

Ու տապ արավ գոռոզ հոգին։

Ասավ, ելավ ու փոթորկեց,
Թըռավ, ցոլաց Դավթի հուր ձին,
Ձին փոթորկեց, փայլատակեց
Ու ցած իջավ Թուր-Կայծակին։

Անցավ քառսուն գոմշի կաշին,
Անցավ քառսուն քարերը ցած,
Միջից կըտրեց ժանտ հըրեշին,
Օխտը գազ էլ դենը գընաց։

Մինչև Նոյեմբերի 23-ը

Հարավ՝

Էս որ տեսավ Մըսրա բանակ,
Ջուր կըտըրվեց ահ ու վախից։
Դավիթ կանչեց.— Մի՛ վախենաք,

Ակա՛նջ արեք հալա դեռ ինձ։

***

Վերջին հատված, Միասնական

Դարձե՛ք եկած ճանապարհով
Ձեր հայրենի հողը Մըսրա.
Բայց թե մին էլ զենք ու զոռով
Վեր եք կացել դուք մեզ վըրա,

Հորում լինեն քառսուն գազ խոր
Թե ջաղացի քարի տակին, —
Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր,
Սասմա Դավիթ, Թուր-Կեծակին։

Էն ժամանակ աստված գիտի,
Ով մեզանից կըլնի փոշման.
Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի,
Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման։

Մինչև Նոյեմբերի 30-ը

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զանցել գործիքագոտուն